ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պետդեպարտամենտի վետերաններն ընդվզում են

Պետդեպարտամենտի վետերաններն ընդվզում են
11.11.2017 | 10:23

Հունվարից ԱՄՆ-ը կորցրել է իր դեսպանների 60 %-ը` հայտարարել է Դիվանագիտական ծառայության ամերիկյան ասոցիացիայի (ASFA) ղեկավար Բարբարա Ստիվենսոնը: «Կարիերային դիվանագետների շարքերը նոսրանում են գլխապտույտ արագությամբ»` զգուշացրել է ASFA-ի նախագահը` ԱՄՆ դիվանագիտական կորպուսի վիճակը նկարագրելով: Պանամայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Բարբարա Ստիվենսոնը կարծում է, որ ԱՄՆ դիվանագիտական կորպուսի առավել տաղանդավոր մասը գլխատվում է: ASFA-ն ստեղծվել է 1924-ին և պետդեպարտամենտի դիվանագետների արհմիության դերն է կատարում: «Այդքան շատ առաջատար աշխատակիցների սրընթաց կորուստը լուրջ և անմիջական ազդեցություն ունի համաշխարհային իրադարձությունների վրա ներգործելու ԱՄՆ-ի կարողության վրա»` պնդում է Բարբարա Ստիվենսոնը: Իր անհանգստությունը նա արտահայտել է Foreign Service Journal-ում: Ստիվենսոնը գրում է, որ դիվանագիտության արվեստը պահանջում է պաշտպանություն նախագահի աշխատակազմից, որ, նրա պնդումով, նպատակ ունի կազմաքանդել կառավարությունը այն տեսքով, որ հայտնի է:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտում ВВС-ի թղթակից Պլետ Աշերը այն կարծիքի է, որ Ստիվենսոնի նամակը ԱՄՆ ևս մեկ վետերան դիվանագետի հուսահատության ճիչն է, որ զգուշացնում է պետդեպարտամենտին «աճող սպառնալիքի» մասին: Նրա գործընկերները ասում են, որ պետդեպարտամենտից հիասթափված կարիերային դիվանագետների վերին էշելոնի հեռանալը զրկում է այդ հաստատությանը տասնամյակներով կուտակված դիվանագիտական փորձից: Նրանք մատնացույց են անում ստորին օղակի դիվանագետների ընտրությունը, որ ապագայում կթուլացնի պետդեպարտամենտը: Նշվում է նաև առանցքային պաշտոններում քաղաքական նշանակումների ցածր ակտիվությունը: Վերջին ժամանակներս որոշ ակտիվություն կա, բայց սահմանափակվում է թեկնածուների նեղ շրջանակով` նախագահ Թրամփը մերժում է բոլոր նրանց, որ դեմ են եղել իր թեկնածությանը: Իսկ նրանց թվում Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքական իստեբլիշմենտի մեծամասնությունն է: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդ ընթացքում զբաղված է պետդեպարտամենտի վերակազմակերպմամբ: Նա արդեն հերքել է, որ կադրերի պակասը դժվարացնում է պետդեպարտամենտի աշխատանքը` իբրև փաստարկ թվարկելով միջազգային պրոբլեմները, որոնց շուրջ ինքն աշխատում է, և կարիերային դիվանագետների անունները, որ օգնում են իրեն: Այդ ամենը Բարբարա Ստիվենսոնին ստիպում է մտածել` ո՞վ է կանգնած ԱՄՆ դիվանագիտական ծառայությունը թուլացնելու փորձերի հետևում: Բացի դեսպաններից, նվազեցվում է նաև բարձրաստիճան դիվանագետների թիվը` հաղորդում է AFSA-ն: Կարիերային դիվանագետները (որ, ի տարբերություն քաղաքական նշանակումների, չեն փոխվում վարչակազմի փոփոխությամբ) որոշում են հեռանալ նոր նշանակումները կիսով չափ կրճատելու կառավարության որոշման պատճառով: Աշխատակիցների ընտրությունը հանգեցրել է ստորին օղակի աշխատողների թվի կրճատմանը պետդեպարտամենտում:

«Կադրերը, ում ցույց են տվել դուռը, ոչ միայն լավագույն տաղանդներն են, այլև այն տաղանդները, որ մեկ օրում հնարավոր չէ վերարտադրել»` գրում է Ստիվենսոնը: Եթե նման ելք լիներ ռազմական գերատեսչությունում, կհարուցեր հասարակական բողոքի ալիք: Ստիվենսոնը մատնանշել է Կոնգրեսի դիրքորոշումը, որ դեմ է պետդեպարտամենտի արմատական կրճատումներին: Նրա խոսքով` Սենատը կատարվողն անվանել է «նահանջի դոկտրին»: Իր հոդվածում նա հարց է բարձրացնում` «Որտեղի՞ց ղեկավարության գլխատման այս նպատակաուղղվածությունը: Ինչպե՞ս են այս գործողությունները համադրվում պետդեպարտամենտը ամրապնդելու հայտարարությունների հետ»: «Որտե՞ղ է դաշտից արտաքին քաղաքական ծառայության թիմը հեռացնելու և խաղը մեր հակառակորդների ձեռքը տալու մանդատը»` հարցնում է Բարբարա Ստիվենսոնը:

Նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որ Հիլարի Քլինթոնի համոզված կողմնակիցն էր, ասել է, որ խորապես անհանգստացած է դիվանագիտական կադրերի պակասով: «Անհնար է լինել աշխարհում առաջատար տերություն և չունենալ գործող դիվանագիտական ծառայություն»` հիշեցրել է ԱՄՆ դիվանագիտության վետերանը: Որ Դոնալդ Թրամփի ընտրությունից մեկ տարի անց, պետդեպարտամենտում կան բազում ղեկավար թափուր պաշտոններ, հաստատում է Washington Post-ը, նաև` ոչկառավարական Partnership for Public Service կազմակերպությունը, որ զբաղվում է պետական կառավարման կատարելագործումով: Անցյալ շաբաթ Թրամփին հարցրին պետդեպարտամենտի թափուր պաշտոնների մասին: «Միակ նշանակություն ունեցողը ես եմ»` հնչեց պատասխանը:

ВВС

Հ.Գ. Պատկերացնու՞մ եք` ինչ կմնա պետքարտուղարությունից, եթե Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետով ընտրվի և շարունակի հայտարարել, որ միակ նշանակություն ունեցողն ինքն է: Թեպետ ինքը Հիրոսիմայի ու Նագասակիի վրա ատոմային ռումբ նետած Հարի Տրումենից հետո ամենացածր վարկանիշ ունեցող ԱՄՆ նախագահն է` համենայն դեպս նախագահության 10 ամիսներին: Դոնալդ Թրամփը նաև ԱՄՆ ամենազարմացած նախագահն է` ինքն իր հաղթանակից, որին ոչ ոք չէր սպասում: Գուցե նաև այդ պատճառով է նա անում քայլեր, որ ոչ մի նախագահ չի արել: Նախագահները ևս ինքնահաստատման շրջան են անցնում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ